Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Արամ Մուղալյանի պաշտպան Անդրանիկ Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ:

Դատարանը միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ խափանման միջոցը փոխելու հիմքերը բացակայում են, եւ ազատության մեջ մնալով` Մուղալյանը կխուսափի դատարան ներկայանալուց։

Մինչ դատավոր Վահան Խալաթյանը  կարդում էր դատարանի որոշումը, գործով երեք մեղադրյալներից մեկի՝ Արթուր Քլյանի ինքնազգացողությունը վատացել է. «Մեզ դատելու են»,- անընդհատ կրկնում էր նա:

Շտապօգնությունը Քլյանին տեղափոխել է հիվանդանոց: Դատական նիստը հետաձգվել է։ Հիշեցնենք, որ Քլյանը ավելի վաղ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Ռոբերտ Փիլոյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ դատարանը նույնպես մերժել է, թեեւ պաշտպանը տեղեկացրել է, որ Փիլոյանի վիճակը վատ է, սրտի հետ կապված խնդիրներ ունի, եւ անընդհատ շտապօգնություն են կանչում։

Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանն ավելի քան չորս ամիս է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Նա մեղադրվում է իր երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և  Արթուր Քլյանի  հետ Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից մեկի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում տղաները կարող են դատապարտվել մինչև 5 տարի ազատազրկման: