Գյումրին հարուստ է արժեքավոր մշակութային ու պատմական հուշարձաններով: Դարերի ընթացքում Գյումրիում ձեւավորվել է յուրահատուկ ճարտարապետական ոճ` ավելի քան 1600 պատմաճարտարապետական շինություններով, որոնք ընդգրկում են մոտ 220 հա տարածք: Դրանցից շատերը կառուցվել են նույն ժամանակաշրջանում` 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին: Ինչեւէ, վերջին տարիներին քաղաքի պատմական եւ ճարտարապետական ժառանգությունը մեծապես վնասվել է 1988թ. ավերիչ երկրաշարժի եւ պետական ու մասնավոր հատվածի կողմից ոչ բավարար ֆինանսավորման պատճառով: Սա էլ իր հերթին խոչընդոտել է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի զարգացմանն ու ներդրումների հոսքին:
2010թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ մշակույթի նախարարարությունը, Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, նախաձեռնեցին մի ծրագիր, որն ուղղված էր Գյումրիում քաղաքային միջավայրի վերականգմանը` այդպիսով այն դարձնելով առավել գրավիչ վայր ապրելու, այցելելու եւ աշխատելու համար, եւ նպաստելով քաղաքի սոցիալ-տնտեսական վերածննդին: Ծրագրի շրջանակներում Գյումրու պատմական շինություններից մեկը, որը կառուցվել է 1860-1913 թթ. եւ հանդիսանում է քաղաքի պատմության ու ճարտարապետության անբաժան մասը, վերակառուցվել է եւ կծառայի որպես հանրային գրադարան:
Այսօր, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին այցելեցին Գյումրի մասնակցելու վերանորոգված շենքի հանդիսավոր բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«ՄԱԶԾ-ն եւ նրա գործընկերները վստահ են, որ թիրախային միջամտությունները կնպաստեն քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով զբոսաշրջության հնարավորությունները եւ Գյումրու սոցիալ-տնտեսական զարգացումը: Քաղաքի բարելավված պատկերն առավել գրավիչ կդարձնի այն ապրելու, աշխատելու եւ ներդրումներ կատարելու համար»,- ասաց Բրեդլի Բուզետտոն:
Շինարարության ընթացքում ծրագիրն անդրադարձել է նաեւ գործազրկության խնդրին` ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելով մոտ հիսուն որակավորում ունեցող գործազուրկների համար, որոնք համապատասխան վերապատրաստումից հետո ընդգրկվել են քաղաքի շինարարական եւ վերանորոգման աշխատանքներում:





























