«Երեւան» քրեակատարողական հիմնարկից այսօր՝ հոկտեմբերի 8-ին, համաներման արդյունքում, ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության Մեծամորի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանը:

Նա նշեց, որ բոլոր հարազատներով գնացել էին դիմավորելու Մարգար Օհանյանին: «100 հոգի կար, պարոն Օհանյանը շատ լավ է, իրեն լավ է  զգում, այս երեք օրը հանգստանալու է, հարազատների հետ է շփվելու, ուրբաթ օրը կպատասխանի հեռախոսազանգերին: Դուրս եկավ, ասաց բարեւ ձեզ, բոլորին ողջունեց, եկանք տուն»,- ասաց Մուշեղ Օհանյանը:

Մարգար Օհանյանի եղբայրը նշեց, որ եղբոր ազատ արձակումը մեծ տոնակատարությամբ չեն նշում:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: Նա նաեւ ներման խնդրագիր էր փոխանցել Սերժ Սարգսյանի, որը մինչեւ այսօր անարձագանք է մնացել: Անկախության տոնի առթիվ ընդունված համաներման որոշման արդյունքում նա եւս ազատ է արձակվել: