«Վրաստանի պետական լեզվի մասին» օրենքի ընդունման դեպքում այնտեղ բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի համար կարող են լուրջ խնդիրներ ծագել: Այս մասին,այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է փորձագետ Ալիկ Էրոյանցը:
Ըստ նրա՝ տվյալ օրինագծի ընդունման դեպքում կստեղծվի պետական մարմին, որը այդ ոլորտում վերահսկողություն կիրականացնի: Խախտումների դեպքում տուգանքներ են նախատեսվում՝ 1000 – 5000 լարիից մինչեւ 10000 լարի՝ խախտումը կրկնելու դեպքում:
«Վրացերեն չիմացող քաղաքացիները լուրջ խնդիրներ կունենան, հենց դա է անհանգստացնում վրացահայերին, հենց դրանով է պայմանավորված հայկական ՀԿ-ների դժգոհությունը», - նշել է Ալիկ Էրոյանցը՝ հավելելով, որ դժվար է ասել՝ կընդունվի օրինագիծը, թե ոչ: Ըստ նրա՝ մոտ ժամանակներում դրա ընդունման հավանականությունը փոքր է, սակայն վաղ թե ուշ այն կլինի:
«Չեմ կարծում թե օրինագիծն ինչ-որ մեկի դեմ է ուղղված: Գործող իշխանություններն ընդամենը ձգտում են որոշակի փոփոխությունների, ինչ-որ բան հաջողվում է, ինչ-որ բան՝ ոչ: Հնարավոր է նաեւ, որ օրինագիծը հետ կանչվի», - ասել է փորձագետը՝ ընդգծելով, որ փաստաթուղթն ուղղված չէ հայերի դեմ, այլ վրացերենը պաշտպանելու նպատակ է հետապնդում:
Ալիկ Էրոյանցը նաեւ հիշեցրել է, որ 1999թ. Վրաստանը ստորագրել է տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիան, որը ենթադրում է, որ ազգային փոքրամասնությունների լեզուները պետք է հասանելի լինեն այդ փոքրամասնության ներկայացուցիչներով խիտ բնակեցված վայրերում՝ տարածաշրջանայինի կարգավիճակ ստանալով:





























