Վրաստանի հայ համայնքը չի կարող դրական վերաբերմունք ունենալ Վրաստանի նախագահի թեկնածուներից որեւէ մեկի նկատմամբ, եւ հատկապես՝ գործող իշխանությունների, քանի որ նրանց տված խոստումների կատարման ոչ մի նշան չկա: Այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում հայտարարել է փորձագետ Ալիկ Էրոյանցը: Հենց այդ պատճառով, ըստ նրա, Գեորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երազանք» դաշինքից, խուսափում է ջավախահայության հետ հանդիպումներից:
«Սակայն խոսակցություններ կան, որ հոկտեմբերի 19-ին նա այցելելու է Ջավախք», - հավելել է Էրոյանցը:
Վրաստանի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդները, ըստ փորձագետի, «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին է, խորհրդարանի նախկին խոսնակներ Նինո Բուրջանաձեն եւ Դավիթ Բաքրաձեն՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից:
«Հենց Բաքրաձեն էր եղել Ջավախքում, հայ համայնքին որոշ խոստումներ տվել, սակայն նրան դժվար հավատան», - կարծիք է հայտնել Ալիկ Էրոյանցը: Նա նաեւ հավելել է, որ իրենց նախընտրական ծրագրերում թեկնածուները շոշափել են ազգային փոքրամասնությունների խնդիրներ, բայց ժողովուրդը հոգնել է այս կամ այն թեկնածուին լսելուց:
Վրաստանի նախագահական ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին:





























