Հոկտեմբերի 26-ին անցկացնելու ենք ՀՀՇ հիմնադիր համագումարը եւ կփորձենք լրացնել այն բացը, որ կա ընդդիմության դաշտում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում նշեց վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ նկատի ունի այն փաստը, որ Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո ընդդիմադիր դաշտը համարժեք արձագանք չտվեց:
«Այն, որ ընդդիմությունը չարձագանքեց՝ լուրջ հարված է, համաձայն եմ, եւ հետեւանք է ընդդիմության գործունեության, որը փաստորեն վերջին տարիներին իր ջանքերը կենտրոնացրել է ոչ այն ուղղությամբ: Ընդդիմության մեծ մասը պրոռուսական ուժեր են, դրա համար էլ արձանագրվում են նման իրողություններ»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս իրենք որոշ քաղաքական որոշ ուժերի հետ խորհրդակցություններ են անցկացնում նաեւ այդ խնդրի շուրջ:
Նրա խոսքով՝ մինչեւ սեպտեմբերի 3-ը Հայաստանը հստակ գնում էր դեպի Եվրոպա, բայց մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց: Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի համար եվրաինտեգրումը կտրուկ կարող էր փոխել երկրի վիճակը: «Մենք դուրս մնացինք եվրոպական ինտեգրացիայի պրոցեսից՝ ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, ովքեր կստորագրեն կամ կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը»,- ասաց Զուրաբյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը, նա նշեց, որ այս պահին ոչ ոք չի կարող խոսել այդ միության առավելությունների մասին, փոխարենը կլինեն կորուստներ:
Վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամը համեմատելով Մաքսային միությանն անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ եթե ընտրություն կա՝ Տոմսկի պոլիտեխնիկական ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի միջեւ, ապա գերադասելի է ձգտում ունենալ ավելի բարձ պայմանների: «Պետք է լինի ձգտում փոխելու, փոփոխելու որոշ հարցեր: Բնական է, որ կլինեին բարդություններ, որովհետեւ սա քաղաքակրթական համակարգերի ընտրության հարց է»,- ասաց նա:





























