ՄԱԿ-ը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կգտնվի առաջիկայում: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի համակարգող Անտոնիուս Բրուքը:
Այն հարցին, թե ՄԱԿ-ն ինչ ձեւով կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Բրուքը հիշեցրել է, որ լուծման ուղին որոնելու համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Մինչ օրս դա սպասելի արդյունքների չի հանգեցրել: ՄԱԿ-ը հուսով է, որ հարցի լուծումը կգտնվի առաջիկայում եւ, բնականաբար, համանախագահները կհասնեն նրան, որպեսզի կողմերը համաձայնության գան: Ես մանդատ չունեմ, որ ինքնուրույն ինչ-որ բան անեմ , սակայն հուսով եմ, որ հանուն խաղաղության կողմերը համաձայնության կգան: 20 տարի առաջ շատ քաղաքացիներ լքեցին իրենց տները եւ բռնի տեղահանվածներ են դարձել: Շատերը տառապում են այդ հակամարտության պատճառով:
ՄԱԿ-ը միշտ հումանիտար օգնություն է ցուցաբերում եւ հենց համաձայնագիր ստորագրվի, կողմերին կսկսեն հումանիտար օգնություն ցուցաբերել: Ես կասեի, որ կարեւորը մարդկանց կյանքը բարելավելն է, համերաշխության համար պայմաններ ստեղծելը: Հուսով եմ, որ հանուն տարածաշրջանում բնակվող եւ հակամարտության արդյունքում տառապող մարդկանց՝ առաջիկայում խնդրի լուծումը կգտնվի»:





























