Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Լիբանան: Նրանց հանդիպումը կայացել է հոկտեմբերի 7-ին՝ Ժնեւում, Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  Հայաստանը, Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներ,   կարեւորում է համագործակցությունը թե երկկողմ հարաբերությունների զարգացման գործում եւ թե միջազգային ասպարեզում: Նրա խոսքով` հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից, Լիբանանում հայ համայնքի ներկայությունը հարյուրամյակների պատմություն ունի, եւ Լիբանանի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել ազգային ինքնությունը ու մշակույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, երկկողմ շփումները, տնտեսական համագործակցության ակտիվացումը: Նրա գնահատմամբ`  երկու երկրները մեծ հաջողություններ են արձանագրել նաեւ միջազգային տարբեր ատյաններում փոխշահավետ համագործակցության առումով:

Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները եւ կարեւորել միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը եւ ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Խոսելով  հարավկովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային հարցերի շուրջ` զրուցակիցները փաստել են բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարեւորությունը: