Թուխմանուկի ոսկու հանքավայրն ապօրինի շահագործվել է՝ չունենալով բաց հանքի շահագործման լիցենզիա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլոգիական ակադեմիա» հկ նախագահ Գրետա Գաբրիելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այդ հանքը 2005-6 թ.թ. իրավունք է ստացել բաց եղանակով շահագործում իրականացնելու, այնուհետ փակ համակարգին անցնելու պարտավորությամբ: Սակայն այնուհետ էլ շարունակել է բաց հանքի շահագործումը, ու միայն 2012 թ. դադարեցրել է հանքաքարի արդյունահանումը:

Ըստ բնապահպանի, հանքը շահագործող ընկերությունը նոր փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ բաց եղանակով հանքի շահագործման իրավունք ստանալու համար, ինչը հակասում է լիցենզիայի պայմաններին: Գ. Գարիելյանն ասաց, որ եթե նման թույլտվություն տրվի, ապա Ապարանի սարերը (հանքը գտնվում է Մելիք գյուղի հարեւանությամբ) հսկայական վնասներ կկրեն:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց բնապահպանի այն տեղեկությունը, որ ոսկու հանքը բաց եղանակով ապօրինաբար շահագործվել է: Նախարարն ասաց, որ ընկերությունը իրենց դիմել է պոչամբարի հարցով, սակայն ներկայացված նախագիծը մերժվել է, որից հետո նոր փաստաթղթեր են ներկայացվել: Դրանք, ըստ նախարարի, գտնվում են ուսումնասիրման փուլում:

Նշենք, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Հրայր Թովմասյանն է: