Համաներումից հրաժարվելու մասին Տիգրան Առաքելյանի հայտարարությունը որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց,որ համաներումը կիրառելի է Տիգրան Առաքելյանի դեպքում, եւ նա ազատ կարձակվի՝ անկախ իր ցանկությունից, կամքից:
Իսկ ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանն մեզ հետ զրույցում ասաց, որ համաներումը ցանկությունով չէ, դա պարտադիր է բոլորի համար՝ անկախ մարդու ցանկությունից:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանի գործով դատը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Փաստաբան Շուշանյանի խոսքով՝ ճառերը պատրաստելու համար 2 օրը շատ քիչ է, մանավանդ որ նոր փաստեր ի հայտ եկան:
«Վերաքննիչ դատարանը որդեգրել է այն մարտավարությունը, որ մեզ ստիպի արհեստականորեն արագացնել պրոցեսը։ Այսինքն մեզ դնում է ընտրության առաջ. կամ 2 օր անց կգաք ճառը կասեք, կամ Տիգրան Առաքելյանը կշարունակվի պահվել կալանքի տակ»,- նշեց փաստաբան Շուշանյանը:
Փաստաբանը նշեց, որ հոկտեմբերի 9-ին դատարանում տուժողի` Շահեն Հարությունյանի հարցաքննությամբ պարզվեց, որ նա թե դատարանում, թե նախաքննության ընթացքում տվել է «իրականությանը չհամապատասխանող ցուցմունք», եւ պաշտպանվող կողմն իրենց ճառի ժամանակ դիմելու է դատարանին, որպեսզի դատարանը համապատասխան միջնորդությամբ հանդես գա տուժողին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ըստ փաստաբան Ոսկանյանի՝ տուժողի այսօրվա ցուցմունքը նախապես «մշակված, պլանավորված» էր` «չասել որեւէ ավելորդ բան, չնշել նոր հանգամանք, չպատասխանել հարցերին, քանի որ յուրաքանչյուր նոր նշված ցուցմունք կարող էր ինչ-որ բան ջրի երես հանել»:
Համաներումի կիրառումից հետո պաշտպանական կողմը դիմելու է վճռաբեկ դատարան, եթե Վերաքննիչ դատարանը չկայացնի արդարացման որոշում:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում:
Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























