Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Տեսողության համաշխարհային օրն է. 2013-ի կարգախոս է ընտրվել «Ստուգե՛ք տեսողությունը»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Մինչդեռ տարիքային այս խումբը կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացնում է բնակչության ակնային լայնածավալ զննումներ եւ ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

Այս ծրագրով աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժում ստացած բազմաթիվ մարդկանց շարքում Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Սասուն Հարեյանի ապաքինումը Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը ներկայացնող դեպքերից է: Բժիշկների օգնությամբ 25-ամյա երիտասարդի տեսղությունը վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվել է: Սասունը նախ անվճար վիրահատվել, այնուհետեւ լազերային բուժում է ստացել: Նա այժմ որպես լիարժեք առողջ երիտասարդ կարող է վերադառնալ նախկին կյանքին եւ նոր ծրագրեր իրականացնել:

«Վիրահատությունից հետո տեսողությունս 10% -ից դարձավ 60%, իսկ լազերային բուժումից հետո ՝ գրեթե 70%: Բժիշկն ասաց, որ նշանակված դեղորայքն աչքերիս մեջ կաթեցնելուց հետո էլ ավելի լավ եմ տեսնելու: Շարժական այս հիվանդանոցը աչքի բուժումը հասանելի է դարձնում շատ մարդկանց համար: Շնորհակալություն բոլորին»,-ասում է Սասունը:

Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները եւ երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այսօր առավել քան տեղին է հիշատակել, որ այստեղ եւս անչափ կարեւոր է բնակչության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման եւ կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:

Օրվա խորհուրդը բոլորին հորդորում է պարբերաբար այցելել ակնաբույժին եւ ժամանակին ստուգել տեսողությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը եւ ՀԱՆ-ը համատեղ ուժերով կանեն հնարավորինս հատկապես անապահով եւ հեռավոր բնակավայրի բնակիչներին որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հատուկ այս օրվա խորհրդով ստեղծված «Ստուգե՛ք տեսողությունը» խորագրով պաստառը, որի նպատակն է մարդկանց հորդորել հաճախակի այցելել ակնաբույժին եւ ստուգել տեսողությունը, կհասցվի մինչեւ Հայաստանի հեռավոր գյուղերի բուժկետեր:

Ակնաբուժության ոլորտում ծրագրային նոր փուլ է սկսվում։ Ակնաբուժական ծառայությունը մարզերում հասանելի դարձնելու նպատակով ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռնամուխ են եղել մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու գործին։ Շարունակվում է կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի եւ բուժման ծրագիրը, որի շրջանակներում Երեւանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»: