Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն պաշտոնանկ է արել ՌԴ պաշտպանության փոխնախարար Օլեգ Ստապենկոյին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Օստապենկոն կարող է փոխարինել «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Վլադիմիր Պոպովկինին:
Հրթիռա-տիեզերական ոլորտում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ Պոպովկինի հրաժարականը տեղի կունենա մոտ ժամանակներս:
Այս տարվա ամռանը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր իր կողմից համակարգվող տիեզերական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին: Բարեփոխումների համար առիթ է դարձել այս տարվա հուլիսին «Պրոտոն-Մ» հրթիռի կործանումը:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ Օստապենկոն խորհրդային տարիներին 10 տարի ծառայել է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում, իսկ հետո փոխադրվել է տիեզերական զորքեր: Նա պաշտպանության փոխնախարար է նշանակվել 2012-ին:





























