Հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող «Նախախորհրդարանի» գրասենյակից տուն վերադառնալիս հետեւել ու հետապնդել են «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին: Այս մասին հայտնում են «Նախախորհրդարանի» քարտուղարությունից:

«Հետապնդողները եղել են BMW մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU:

Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի տան շրջակա տարածքում` Երեւանի Զեյթուն թաղամասում:

Հետապնդումը տեւել է շուրջ կես ժամ` 23:40-ից մինչեւ 00:10-ը:

Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին է մոտեցել Փակ շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել, սակայն մերժողական պատասխան ստանալով` հեռացել է: Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում եւ Ժիրայր Սեֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով:

«Նախախորհրդարանի» քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ հանցավոր ու ապազգային վարչախմբի  հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է:

Մեր ժողովուրդն այլեւս տեր է կանգելու իր երկրին եւ իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին»,-սված է տարածված հաղորդագրության մեջ: