Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին` համատեղ աշխատանքի համար:

Փոխվարչապետը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին  հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա ունի թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում աշխատանքի փորձ, ինչպես նաեւ լավ ծանոթ է մարզի խնդիրներին:

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:  Նա կարեւորել է մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար: