Մայրաքաղաքի շուկայական առեւտրի ցանցում սեպտեմբերին տավարի մսի արժեքը տարեկան կտրվածքով ավելացել է 133,2 դրամով, կամ 5,2 տոկոսով: Միջին արժեքը հասել է կիլոգրամի դիմաց 2383,8 դրամ(6,6 դոլար): Այստեղ, իհարկե, արտասովոր ոչինչ չկա, ամեն բան իր հունով է ընթանում: Զարմանալին այն է, որ նույն շրջանում խոզի ու ոչխարի մսի շուկայական գինը նվազել է համապատասխանաբար 12,6 ու 4,0 տոկոսով:

Դատելով պաշտոնական տվյալներից՝ ընթացող տարվա հունվարի 1-ից խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն տարեկան կտրվածքով ավելացել է 10,3 տոկոսով, խոզինը՝ 34,2 տոկոսով, ոչխարինը՝ 15,0 տոկոսով: Նման աճը պետք է համապատասխան ազդեցությունն ունենար շուկայական գնի վրա:

Սակայն հանրապետության ամենաընդարձակ շուկայում՝ մայրաքաղաքում, տավարի մսի թանկացումը հակասում է այդ ցուցանիշին: Հնարավոր է, դա կապված է արտադրություն ու անասնապահության անգործունեության հետ, եւ արդյունքը կերեւա ապագայում…

Ինչ վերաբերում է խոզի ու գառան մսին, ապա դրանց գների ֆենոմենը կարող է կապված լինել բնակչության ընդհանուր անվճարունակության, ընթացող գնաճի հետ: Նշենք, որ չնայած վերոհիշյալ էժանացմանը, սեպտեմբերին խոզի միսը 1,4 անգամ թանկ էր տավարի մսից, իսկ ոչխարի միսը՝ 1,3 անգամ:

Այս պայմաններում չի բացառվում, որ պահանջարկը տեղափոխվի տավարի մասի հատված: Առավել եւս, որ շատ ընտանիքներ իրենց սննդակարգում գերադասում են այն: Պահանջարկի փոփոխությունը վերաբերում է, իհարկե, այն ընտանիքներին, որոնք պարբերաբար միս են գնում:

Ինչ վերաբերում է հավի մսին, ինչն օգտագործում են ավելի քիչ ապահով ընտանիքները, ապա նրանց միջին մանրածախ գինը մայրաքաղաքում աճել է ավելի քան 140 դրամով կիլոգրամի դիմաց, կամ 14 տոկոսով: Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին հավի միսը 2.4 անգամ ավելի էժան էր տավարի մսից: Այդ գործոնը ապահովում է նրանց տարածվածությունը շարքային սպառողների շրջանում: Մեկ տարում 5.5 տոկոսով աճել է նաեւ աղացած մսի գինը: Հետաքրքիրն այն է, որ այս ապրանքի միջին մանրածախ գինը միայն  22 դրամով է ավել ոսկորոտ տավարի մսի  գնից: