«Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում քննարկումների առիթ դարձած տեսանյութը իմ հարցազրույցից ընդամենը մեկ միտք է, մեկ ձեւակերպում է, որն ունի հսկայական մեկնաբանություն կապված այդ արտահայտության հետ»։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի տնօրեն Տեր Ասողիկը՝ անդրադառնալով բուռն քննադատությունների թիրախում հայտնված իր «հայ աթեիստը հայ չէ» արտահայտությանը։
Նա նշեց, որ տեսանյութում առկա մեկնաբանությունը ներկայացնում է, թե ինչու եւ ինչ փաստերի հիման վրա է արված այդ պնդումը։ «Ես չգիտեմ ով եւ ինչ նպատակով այդ տեսանյութը այդպես աղավաղել է եւ դրել են շրջանառության մեջ։ Եթե ամբողջական մեկնաբանությունը մարդիկ լսեին, այդպիսի հիմար տեսակետներ եւ տգետ կարծիքներ չէին շրջանառի։ Այդ աղավաղված տեսանյութը լրատվամիջոցները շրջանառում են անհասկանալի պատճառով. Դա ոչ ազգասեր, ոչ հայրենասեր մարդկանց կողմից է հրահրված, որովհետեւ ժամանակներն այնպիսին են, որ ամեն ինչ մարդիկ փորձում են գտնել եւ նպատակուղղված կերպով աշխատել, ինձ համար ամեն երեւույթ այդպես ոտքի վրա չի մեկնաբանվում, ավելի խորը նշանակություն ունի կապված հոգեւոր կյանքի հետ»,- ասաց հոգեւորականը։
Խոսելով հայի իր բանաձեւի մասին՝ նա նշեց, որ այն հայը, ով որ հեռու է հայ հոգեւոր արժեհամակարգից, նա չի կարող լինել հայ եւ չի կարող ծառայել Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին, որովհետեւ դարեր շարունակ մեր հավատքը նույնականացել է մեր ինքնության հետ, եւ դեռեւս 5-րդ դարում Եղիշեն ասում էր, որ քրիստոնեությունը դարձավ հայի ինքնությունը, հայի մաշկի գույնը եւ քրիստոնեական արժեհամակարգը ստեղծեց մեր ազգային, հոգեւոր մշակույթը, եւ դրա վրա կառուցվեց մեր ինքնությունը, եւ այսօր ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են իբրեւ հայ քրիստոնյա ժողովուրդ, որը մեծ ավանդ ունի քաղաքակրթության մեջ։ «Եւ եթե մեկը ուրանում է այդ արժեհամակարգը, ուրանում է այն բարոյական սկզբունքները, որով դարեր շարունակ հայ ընտանիքն են կերտել, հայ հասարակությունն են ստեղծել, բնականաբար նա չի կարող հայ կոչվել, որովհետեւ եթե նա չի ընդունում հայ ժողովրդի ստեղծած մշակույթը, գրականություն, արվեստը, ինչպես կարող է հարազատ լինել իր հայրենիքին, ժողովրդին եւ ծառայել Հայաստանի շահերին»,- ասաց Տեր Ասողիկը։
Նա շեշտեց, որ աթեիզմը գիտական թեզիս է, ինքնության հետ ոչ մի կապ չունի, եւ չկա անաստված մարդ, բոլոր մարդիկ էլ հավատացյալ են։ «Աթեիստ ասվածը լրիվ ուրիշ գաղափարախոսություն է, աթեիստ ասվածը այն նույն հայն էր, որը 20-ականներին եկեղեցիներն էր ջարդում, հոգեւորականներ գնդակահարում եւ ազգի մեջից թշնամիներ էր որոնում, որակված է այդ կատեգորիայում, ուղղակի պիտի մարդ հասկանա եւ փորձի բառերի իմաստն ընկալել, ոչ թե զգացմունքային արտահայտություններ անել»,- հավելեց հոգեւորականը։
Հարցին, արդյոք իր կարծիքով տարբեր կրոնական կազմակերպություններին պատկանող մեր հայրենակիցները հայ չեն, Տեր Ասողիկը նշեց, որ նրանք Հայ առաքելական եկեղեցու համար եղել են եւ շարունակում են մնալ մոլորյալ հայորդիներ, որոնք պետք է վերադառնան հայ եկեղեցու գիրկը, վերադառնան ինքնությանը, որովհետեւ աղանդավոր դառնալով հայը կորցնում է ոչ միայն իր հոգեւոր կյանքը, այլեւ ինքնությունը, ուրանում է իր ազգային արժեքները։
Ինչ վերաբերում է մահմեդականություն ընդունած համշենահայերի հայ լինել-չլինելու մասին կարծիքին, նա այս հարցը անպատասխան թողեց։ «Այդ հարցին ինքներդ պատասխանեք՝ հայը ով է, ինչին է ծառայում, ինչ կրող պետք է լինի, եւ ինչպես պետք է արտահայտի ինքնությունը։ Եթե մեկը չի տիրապետում հայերեն լեզվով ստեղծված արժեքներին, եւ պատրաստ չէ իր անձը զոհաբերելու,ես կխուսափեմ այդ անձին հայ կոչելուց։ Հայը ունի հստակ կառուցվածք, նկարագրություն, եթե դրան չի համապատասխանում, ես չեմ կարող այդ մարդուն հայ համարել, ինչ ուզում է լինի։ Ոտքի վրա չեմ կարող ասել, այդ հարցին կարող են պատասխանել հիմնավոր, երբ մեկնաբանություն լինի ինչ-որ լսարանում, հարցազրույցում»
Նշենք, որ համացանցում տարածվել է մի հեռուստահաղորդման դրվագ, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի տնօրեն Տեր Ասողիկը հայտարարում է, որ աթեիստ հայը հայ չէ, եւ նրան պետք է բերել ազգային ինքնության: Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ է դարձել լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում:





























