Վրաստանը կարող է հրաժարվել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելուց, եթե խաղերը սկսելուց առաջ զգացում լինի, որ դա ստորացուցիչ է երկրի համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում:

Նա միաժամանակ նշել է, որ պետությունը չպետք է բնազդներով առաջնորդվի, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

«Ես ըմբռնումով եմ մոտենում հանրության մեծ մասի դիրքորոշմանը, որ այն, ինչ կատարվում է, վիրավորական է, բայց պետությունը չպետք է բնազդային, նյարդային  լինի, պետք է հավասարակշռված որոշումներ կայացնի», - նշել է Իվանիշվիլին:

Վրաստանում Սոչիի օլիմպիադային մասնակցելու նպատակահարմարության հարցը սկսել է ակտիվ քննարկվել այն բանից հետո, երբ   ձմեռային օլիմպիական XXII  խաղերի Ռուսաստանում մեկնարկած կրակի ազգային էստաֆետին ներգրավվել էր 2008թ. օգոստոսյան պատերազմին մասնակցած օդաչու Իվան Նեչաեւը: Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ազգային օլիմպիական կոմիտեին կոչ էր արել վերանայել մասնակցության հարցը եւ ճիշտ որոշում կայացնել»:

Նախորդ տարեվերջին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ եթե Վրաստանն ուզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, ապա վրացի մարզիկները պետք է մեկնեն Սոչի: