ՊԵԿ ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 21-ին դասընթաց է կազմակերպվել Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համար:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ 2 տարվա գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել է գրեթե 300 դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 7500 մասնագետ` գործարար դաշտից, հարկային եւ մաքսային ծառայություններից, ինչպես նաեւ այլ գերատեսչություններից:

ՊԵԿ-ի առաջնային նպատակներից է համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելն ու աշխատակիցների մասնագիտական որակը կատարելագործելը, ինչի համար կոմիտեն նախաձեռնել է եռաստիճան ուսուցման համակարգ: ՊԵԿ աշխատակիցների շարունակական վերապատրաստման համար կոմիտեի ուսումնական կենտրոնում դասընթացներ են անցկացնում նաեւ արտերկրից հրավիրված մասնագետները: Արդեն համագործակցության մեծ փորձ կա Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետների հետ: Վերջերս համագործակցություն է հաստատվել նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ: «Բուհի հետ համատեղ դասախոսություններ, քննարկումներ եւ սեմինարներ կկազմակերպենք, կիրականացնենք նաեւ գիտահետազոտական աշխատանքներ»,-նշում է ՊԵԿ նախագահի խորհրդական Լեւոն Բարխուդարյանը: Նա նկատում է, որ ուսումնական կենտրոնի ծրագրերը բազմաթիվ են եւ հավակնոտ. «Հաջորդ տարվա ավարտին, հուսով եմ, արդեն կգործի Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որը կունենա բոլոր պայմանները` տարածաշրջանային նշանակություն ձեռք բերելու եւ այլ երկրների ոլորտային մասնագետների համար եւս որպես կրթօջախ ծառայելու համար»: