Նախագահական նստավայրի դիմաց հոկտեմբերի 21-ին անժամկետ հացադուլ է հայտարարել «Մեր ձայնը» նախաձեռնության ղեկավար, 34-ամյա Հայկ Մութաֆյանը՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահի հետ՝ քննարկելու քաղաքացիների դիմում-նամակներն անպատասխան թողնելու պետական գերատեսչությունների պրակտիկան։
Գերատեսչություններն իրենց ուղղված քաղաքացիների նամակներին ընթացք չեն տալիս, քաղաքացիներն էլ ստիպված դիմում են նախագահին։ Իսկ նախագահականը փոքր կառույց է՝ թե ձևաչափով, թե հնարավորություններով, որպեսզի ընթացք տա բոլոր նամակներին։ Հայկ Մութաֆյանի խոսքով՝ այս պրակտիկային վերջ տալու համար է ստեղծվել «Մեր ձայնը» նախաձեռնությունը։
«Երբեմն նույնիսկ քաղաքացիների զանգերին չեն պատասխանում, մինչդեռ այդ քաղաքացիների վճարած հարկերով են վարձատրվում»,- ասաց Հայկ Մութաֆյանը։
Իր պահանջը նախագահին Մութաֆյանը ներկայացրեց նամակների բաժին, որտեղից նրան խորհուրդ տվեցին գնալ տուն եւ սպասել պատասխանին։
Մութաֆյանը տուն չգնաց, այլ Բաղրամյան փողոցի վրա գտնվող իրենց կազմակերպության գրասենյակ, որտեղ անցկացնելու է հացադուլի գիշերները։
Մութաֆյանն ինքը, իր խոսքով, տուժել է նամակներին ընթացք չտալու գերատեսչությունների սովորույթից։ Ժամանակին նա դիմել է կառավարություն՝ պահանջելով փոխահատուցում հեռուստաընկերությունների եթերից վազող տողով գովազդը հանելու վերաբերյալ՝ Հեռուստագովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունների հետեւանքով իր գովազդային գործակալության սնանակացման ու կրած կորուստների համար։ Կառավարությունից նամակն ուղարկել են արդարադատության նախարարություն ու սկսել բյուրոկրատական քաշքշուկ, ինչի արդյունքում հինգ ամիս անց նա ստացել է «ոչ պատշաճ» պատասխան։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























