Վրաստանի Ադիգենի շրջանի Ճելա գյուղում մինարեթի վերակաուցման հարցը, որը լուրջ հակամարտության առիթ էր դարձել, նորից առաջ է մղվում, հաղորդում է Akhaltskha.net-ը:
Մասնավորապես, Ճելա գյուղի բնակիչները անցած շաբաթ դիմել են տեղի քաղաքապետարանին՝ ապամոնտաժված մինարեթի վերականգնման խնդրանքով: Գրավոր դիմումը տեղական իշխանություններին Ճելա գյուղի մահմեդականները, Վրաստանի մուֆթի Ջեմալ Պաքսաձեն փոխանցել են հոկտեմբերի 18-ին:
Ադիգենի քաղաքապետարանի գամգեբելիի պարտականությունները կատարող Արսեն Բալախաշվիլին հայտնել է, որ Ճելայի մահմեդական բնակչությունը խնդրում է մինարեթի կառուցման եւ օրինականացման թույլտվություն: Նրանք շրջանի ղեկավարությանն են ներկայացրել վկայական հանրային ռեգիստրից, ըստ որի`այն տարածքը, որտեղ կառուցված է մզկիթը, գտնվում է տեղի բնակիչ Օթար Չոգաձեի սեփականությունում: Տեղի իշխանությունները երեք օրվա ընթացքում պետք է պատասխանեն գրավոր դիմումին՝ այլ փաստաթղթերի ներկայացման պահանջով:
Ջեմալ Պաքսաձեի խոսքով` նրանք տեղի ինքնակառավարման մարմիններին ներկայացրել են դիմում եւ սպասում են դրական պատասխանի:
Թե ինչ կպատասխանեն տեղական իշխանությունները, հայտնի կլինի մի քանի օրում:
Նշենք, որ Ճելա գյուղում ապրող 45 ընտանիքներից 25-ը մահմեդական համայնքի ներկայացուցիչներ են, իսկ մյուսները՝ քրիստոնյա, որոնց միջեւ լուրջ հակամարտություն է տեղի ունեցել մինարեթի կառուցման շուրջ:
Դեռեւս այս տարվա օգոստոսի վերջին իրավապահները ապամնտաժել են գյուղի մինարեթը, որը լուրջ հակազդեցություն է առաջացրել տեղի մահմեդականների շրջանում:





























