Հայաստանը առաջնային է համարում է արաբական աշխարհի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշենք, որ Ֆադել Մուհամեդ Ջավադը Երեւանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ արաբական երկրները Ցեղասպանությունից փրկված շատ հայերի համար երկրորդ հայրենիք են դարձել եւ հայկական համայնքներն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների եւ այդ երկրների միջեւ կապող կամուրջ են հանդիսանում։ Նախարարը կարեւորել է դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներկայությունը Արաբական պետությունների լիգայում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ նշել է, որ հայ-արաբական բարեկամությունը հարուստ է բարի ավանդույթներով եւ այն տարեցտարի առավել խորանում է ու Արաբական լիգան նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջինարեւելյան  զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։