Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ափոփքա քաղաքի Վոլմարտ խանութում երկմետրանոց ալիգատորն իր հայտնվելով աժիոտաժ է առաջացրել խանութի աշխատակիցների ու այցելուների շրջանում, հաղորդում է տեղի մամուլը:

Կենդանին մի քանի անգամ փորձել է առեւտրի կենտրոնի տարածք մտնել ավտոմատ բացվող դռնով, սակայն խանութի աշխատակիցները նկատել են դա եւ արգելափակել ալիգատորի մուտքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքի վայր են կանչել ոստիկանների, ինչպես նաեւ վայրի բնության եւ ձկնորսության ոլորտի մասնագետների: Անսովոր այցելուին լուսանկարել համարձակված ականատեսների փոխանցմամբ՝ նրա երկարությունը մոտ 6 ֆութ է եղել (մոտ 1,83 մետր):

Ալիգատորը, որը ենթադրաբար, ապրում է մոտակա լճակում, ամենայն հավանականությամբ, խանութ է եկել սնունդ հայթայթելու համար: Նա շուրջ մեկ ժամ փորձել է խանութ մտնել, սակայն ի վերջո, անհետացել է անտառում: Ոստիկաններին չի հաջողվել գտնել նրան:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս պատկան մարմինները կստուգեն խանութի մոտ գտնվող լճակը, որպեսզի գտնեն ալիգատորին եւ գնահատեն մարդկանց սպառնացող վտանգը: