«Հարսնաքարի» գործով տուժող Էդգար Նիկոյանի ցուցմունքը հոկտեմբերի 21-ի դատական նիստի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Արման Խաչատրյանը համարում է ոչ արժանահավատ։

«Էդգար Նիկոյանը եւ իր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, գործում են ինչ-որ սցենարով, որպեսզի միասնական դիտավորության ներքո բոլորին ընդհանուր մեղադրանք առաջադրվի»,- հայտարարեց ամբաստանյալը՝ իր կասկածները բացատրելով այն փաստով, որ Նիկոյանը «Վահե Ավետյանի բաջանաղն է, եւ հնարավոր է՝ ընտանիքի անդամներն են նրան ճնշում»:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով հերթական նիստին հարցաքննությանը տուժողներից ներկայացել էր միայն Էդգար Նիկոյանը: Նրա խոսքով, Արկադի Աղաջանյանը կարճ ժամանակով մեկնել է Ռուսաստան, Արտակ Բայադյանը հերթապահության էր, իսկ Գարիկ Սողոմոնյանն էլ չէր ներկայացել նիստին, քանի որ ասպիրանտուրայի քննության էր։ Էդգար Նիկոյանը հարցաքննության ժամանակ կրկնեց իր նախորդ ցուցմունքը`պնդելով, որ վեճի ժամանակ հարվածներ է ստացել միայն տուժող Արկադի Աղաջանյանին պաշտպանելու համար եւ չի տեսել` ով կամ ովքեր են հարվածել:

«Դեմքեր չեմ տեսել, միայն ձեռքեր ու ոտքեր, բոլորը շարժման մեջ էին, ով ինչ գործողություններ է կատարել, քանի հոգի էին հարվածում՝ մեկ, երկու, թե չորս հոգի, չեմ կարող ասել»,- պատմում էր Նիկոյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին, դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ տուժողներ Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին դատարանը ծանուցագրեր կուղարկի` հրավիրելով հարցաքննության։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատարանի դահլիճում անակնկալ հայտարարություն արեց՝ խոստովանելով, որ միայն ինքն է անմիջական կոնտակտի մեջ մտել ու հարվածել Վահե Ավետյանին։ Դրանից հետո ինքնախոստովանական ցուցմունքներ տվեցին նաեւ Գարիկ Մարգարյանը եւ Արթուր Բաբլոյանը։ Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբան Տիգրան Եգորյանի կարծիքով՝ ամբաստանյալները ձգտում են արագացնել դատավճիռը, որպեսզի համաներումը տարածվի մի քանիսի վրա։

2012-ի հունիսի 17-ին, 23:00-ի սահմաններում, հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:

Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: