Երեւանի Սարի Թաղի բնակիչները թաղամասի մի շարք խնդիրների վերաբերյալ նամակով դիմել են ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Խնդիրները հիմնականում վերաբերում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար:
Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կյանքի կոչել նշված խնդիրների լուծման առաջարկները: Քաղաքապետի պատասխանը չգոհացրեց բնակիչներին, ինչին հետեւել է նրանց 2-րդ դիմումը ավագանու խմբակցության ղեկավարին: Վերջինիս միջնորդությամբ այսօր Սարի Թաղի բնակիչների անունից Գեղամ Պետրոսյանի հետ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում կայացել է հանդիպում, որին «Բարեւ Երեւանից» ներկա էին Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը եւ Անահիտ Բախշյանը, Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ երթեւեկության կառավարման բաժնի պետ Հարություն Մելքումյանը:
Բնակիչներն առաջարկում են թիվ 9 եւ 21 ավտոբուսների երթուղիները երկարաձգել մինչեւ Սարի Թաղ, թիվ 11 ավտոբուսը Սարի Թաղը շրջանցելու փոխարեն մուտք գործի թաղամաս եւ շարունակի իր երթուղին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկում կառուցել կամրջակ հետիոտնի ապահով անցուդարձի համար, կարգավորել բանուկ փողոցների մայթերը:
Առաջարկները քննարկվեցին: Ինչպես նշեց պարոն Նավասարդյանը, տրանսպորտային խնդիրը թաղամասում գոյություն ունի դեռեւս Սովետական Միության ժամանակներից: Բանն այն է, որ թաղամասի փողոցները չափազանց նեղ են, անհարթ, տրանսպորտային միջոցների համար շրջադարձի տեղ չկա, նամանավանդ ձմռանը բարձր է վթարների հավանականությունը եւ այլն: Վարչությունը քննարկել է տրանսպորտային հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնցից առավել նպատակահարմարը թիվ 13 ավտոբուսի երթուղին մինչեւ Սարի Թաղ երկարաձգելն է: Գեղամ Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց բնակիչների հետ քննարկել առաջարկը եւ պատասխանել:
Քննարկվեց նաեւ վերգետնյա անցում կառուցելու հարցը: Անահիտ Բախշյանն առաջարկեց այն ներառել 2014թ. բյուջե, սակայն վարչության պետը տեղեկացրեց, որ վերգետնյա անցումները մինչ այժմ կառուցվել են ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ ներդրողների բյուջեով: Տիկին Բախշյանը նշեց, որ բանուկ փողոցների մայթերի վերանորոգման հարցը եւս կառաջարկեն ընդգրկել հաջորդ տարվա բյուջե:





























