Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի հանրահռչակման համար Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Պարգեւը Կարեն Դուրգարյանին ՀՀ կառավարությունում հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է անվանի դիրիժորին արձանագրած ձեռքբերումների կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ:
Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին: Արդյունքում հրավեր է ստացվել մասնակցել նաեւ հաջորդ տարվա փառատոնին, որը կայանալու է 2014 թվականի մայիսին: Նախատեսվում է, որ փառատոնին Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը եւ հայկական միջնադարյան երաժշտությունը:





























