Եթե իշխանությունը գնահատում է ընթերցանությունը, գիտելիքը, հասարակությունը թեքվում է դեպի գիտելիքը, եւ, ընդհակառակը, եթե իշխանությունը գրող, կարդացող չի, հասարակությունը հետ է կանգնում գրքից։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողներին ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ վերջին 15 տարվա մեջ Հայաստանում երկրորդ տարբերակն է գործում։

«Եթե մեր ղեկավարները լինեն կարդացող և գրող, հասարակությունը շատ արագ կդառնա կարդացող և գրող: Քանի դեռ ոչ գրում են, ոչ կարդում` ունենալու ենք այն, ինչ ունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Արմեն Աշոտյանը աշակերտների հետ բաց ընթերցումներ անցկացրեց, որոշ փոփոխություններ նկատվեցին. «Մենք սպասում ենք այլ նախարարների, որ ցույց տան, որ իրենք էլ գրքի հետ կապված են»: 

«Անտարես» հրատարակչությունը անցած տարի Կրթության և մշակույթի նախարարության հետ կազմակերպել է Ընթերցանության օլիմպիադա, որի նպատակը ընթերցող աշակերտի իմիջը վերականգնելն էր։

«Այսօր ընթերցող երեխան, լավ սովորող երեխան ծաղրանքի առարկա է դառնում: Նրան ասում են «բոտանիկ», նրան գիրք տանելու համար ծաղրում են, և մենք փորձեցինք այդ երեխային դարձնել հասարակության հերոս, շրջապատի հերոս»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մշակույթի նախարարը առաջին, երկրորդ, երրորդ տեղը զբաղեցրած աշակերտների դպրոցներում գրադարանները համալրել է գրքերով:

«Դուք կպատկերացնե՞իք երեխան իր ընթերցանության շնորհիվ ծնողին տանում է Հռոմ: Մեր առաջին տեղը գրաված երեխան իր ծնողին տանում է Հռոմ»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրենը: