«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հետ կապված որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

«Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին տարատեսակ մեկնաբանությունները, գնահատականները, երեւակայության թռիչք հանդիսացող դիտարկումները, որոնք շատ հաճախ գիտաֆանտաստիկայի ժանրից էին, արդեն իսկ մի քանի օր չարչրկվում է մամուլում, այդ իսկ պատճառով զրո մեկնաբանություն այդ հարցի հետ կապված»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Ինչ վերաբերում է, Վոլեյբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած ընտրությանը, ապա, մամուլի խոսնակի փոխանցմամբ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կարգադրությամբ ուսումնասիրվում են Վոլեյբոլի ֆեդերացիայում եղած խնդիրները: «Արդեն իսկ հանձնարարվել է մասնագետներին վերլուծել տեղի ունեցածը: ՀԱՕԿ մասնագետների հետ այժմ աշխատում են նաեւ միջազգային մասնագետներ, ովքեր վերլուծելու են հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները եւ առաջիկա օրերին ՀԱՕԿ-ը հանդես կգա համապատասխան պաշտոնական հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին միջադեպ է գրանցվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ , Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր.«Եղել է տղամարդկային բանավեճ՝  կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրը իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»:

Իսկ ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: