Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» եւ մասնակցել «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի կինը: Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են շուրջ 400 տարեց շահառուներ:
Ողջունելով ներկաներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին. «Սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են, եւ մենք մշտապես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերելու: Վստահ եղեք, որ միշտ լինելու ենք ձեր կողքին եւ փորձելու ենք սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում լուծումներ տալ մայրաքաղաքում առկա սոցիալական տարբեր խնդիրների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաեւ շնորհակալություն է հայտնել Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանը՝ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի եւ մարդասիրական կարեւոր առաքելության համար:
«Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացումն ազդարարվել է խորհրդանշական զանգի հնչյուններով:
Ողջույնի իր խոսքում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար:
Ընդհանուր առմամբ այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանի եւ Գերմանական կարմիր խաչի համատեղ ուժերով հոկտեմբերի 1-ից իրականացվում է նաեւ «Արտագնա սպասարկում» սոցիալական ենթածրագիրը, որի շրջանակում Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում այս պահին ապահովվում է թվով 125 շահառուների սննդի խնդիրը:





























