Հայաստանի արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված այն հարցի հետ, որ արդյոք  «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (այսուհետեւ՝ ՀԱՕԿ) իրավասո՞ւ է իր կազմից հեռացնելու «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա» ՀԿ-ին (այսուհետ՝ ՀՎՖ), արդյոք ՀՎՖ-ն պարտավո՞ր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ եւ արդյոք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու եւ միջազգային մրցույթներին մասնակցելու համար:

Նախարարության պարզաբանման մեջ ասվում է.

«1. ՀԱՕԿ-ը իրավաբանական անձանց միություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ստեղծել են ոչ առեւտրային կազմակերպություններն` իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաեւ ընդհանուր շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակներով: Սակայն, պետք է ի գիտություն ընդունել նաեւ, որ նույն օրենսգրքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի իրավունքները:

Այսպիսով, անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: ՀԱՕԿ-ի նպատակները սահմանված են իր կանոնադրության 2-րդ հոդվածում եւ բոլորը վերաբերվում են արդար սպորտի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, սպորտի որակի բարձրացմանը եւ այլն:

2. ՀԱՕԿ կանոնադրության 5-րդ հոդվածում, որը վերարտադրում է Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի դրույթները, ամրագրված է, որ «1. ՀԱՕԿ-ի կազմի մեջ մտնում են.

1.1 Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին /առնվազն այդ կարգի ազգային ֆեդերացիա,/ եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում եւ միջազգային մասշտաբով վարում են ռեալ եւ հստակ մարզական գործունեություն, կազմակերպում եւ մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր: Յուրաքանչուր մարզաձեւից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել միայն մեկ ազգային ֆեդերացիա»:

ՀԱՕԿ-ի կանոնադրության 16-րդ հոդվածը նախատեսում է, որ «ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու եւ նրան անդամագրվելու համար` մարզաձեւի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձեւի միջազգային ֆեդերացիային եւ վարի օլիմպիական խարտիային եւ տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապատասխան գործունեություն»:

Այսպիսով, իրականում կազմակերպությունները պետք է նախ անդամակցեն միջազգային ֆեդերացիաներին, եւ նոր միայն անդամակցեն կամ ճանաչվեն ՀԱՕԿ-ի կողմից:

Իսկ Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1.2. կետի համաձայն

«1. Անկախ իրենց կառուցվածքից, ԱՕԿ-ները պարտավոր են ընդգրկել... 1.2. այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձեւերը համակարգող միջազգային ֆեդերացիաներին»:

Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային  ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի եւ ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակել էր ՀԱՕԿ-ի հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Որեւէ խախտման դեպքում ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը: