Քանի որ ԱԺ նախագահն արդեն կայացրել էր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելու որոշումը, իսկ խմբակցության ղեկավարներն ԱԺ նախագահի որոշման վրա ազդեցություն ունենալ չեն կարող, ուստի մենք հայտնել ենք միայն մեր կարծիքն ու դիտողությունները ԵԽԽՎ կանոնակարգի վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարություններին, որ ՀԱԿ-ի իր ընդդիմադիր գործընկերը չեն պաշտպանել իրեն Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Նշենք, որ ըստ «168 ժմ» թերթի տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանը խորհրդակցության ժամանակ, դիմելով Լեւոն Զուրաբյանին, ասել էր․«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»։
Զուրաբյանն ասաց, որ լուրջ չի վերաբերվում Զարուհի Փոստանջյանի խոսքերին. «Դա հիմարություն է, ես նեղվելու ոչինչ չունեմ, որեւէ խնդիր չկա։ Ես երբեք որեւէ ընդդիմադիր գործչի հետ հրապարակային բանավեճի մեջ չեմ մտել եւ չեմ էլ մտնելու։ Մեր թիրախը մշտապես եղել են իշխանությունները, եւ ես չեմ շեղվելու այդ գծից, ով էլ փորձի ինձ ներքաշել բանավեճերի մեջ։ Ես որպես ընդդիմադիր գործընկեր, միայն մի խորհուրդ ունեմ Զարուհուն՝ չստանձնել իմ ինքնակոչ խոսնակի դերը եւ իմ փոխարեն իմ դիրքորոշումները չհայտնել մամուլին»։
Հարցին՝ ԱԺ նախագահի որոշումը չի՞ դիտարկում որպես խտրական վերաբերմունք ընդդիմության նկատմամբ, ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց, որ ՀՀԿ-ն կարող է իր այս քայլն արդարացնել մեծամասնություն լինելու հանգամանքով, բայց դա, իհարկե, արդարացի չէ, քանի որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են եւ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները ներկայացված են իրականությանը չհամապատասխանող թվաքանակով։ Նա գտնում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները պետք է ներկայացված լինեն օտարերկրյա պատվիրակությունների կազմում, բայց վերջնական որոշումը կայացնում է ԱԺ նախագահը։





























