Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման սկանդալը թափ է հավաքում: ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էմերսոնին հոկտեմբերի 24-ին հրավիրել են Գերմանիայի ԱԳՆ՝ նախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպելու, հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, նախօրեին ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, թե գերմանական կառավարությունը տեղեկություն է ստացել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման մասին:
Բեռլինն իսկույն Վաշինգթոնից պաշտոնական բացատրություններ էր պահանջել: Մերկելն անձամբ զանգահարել էր Օբամային եւ պահանջել հստակեցնել իրավիճակը: Նա հասկացրել էր, որ «միանգամայն անընդունելի է համարում» դաշնակից Ամերիկայի նման քայլերը:
Եթե գաղտնալսման լուրը հաստատվի, «դա լուրջ հարված կհասցնի երկու երկրների միջեւ փոխադարձ վստահությանը», նշվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Մերկելն Օբամայից բացատրություններ է պահանջել՝ կապված իր հեռախոսը գաղտնալսելու հետ
ԱՄՆ-ի նկատմամբ կասկածները Գերմանիայի առաջնորդի մոտ ծագել էին դեռեւս հունիսի վերջին՝ Spiegel ամսագրում ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի տրամադրած նյութերի հրապարակումից հետո:
Համաձայն այդ տվյալների՝ ԱԱԳ-ն ԳԴՀ-ից ամեն ամիս մինչեւ 500 մլն հեռախոսազանգ եւ համացանցային հաղորդագրություն է որսում:





























