Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները հիմնված են իրավական փաստաթղթերի վրա՝ համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի: Սակայն այդ հիմքերը հիմնավորման կարիք ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք զարգացնում ենք այդ հարաբերությունները եւ դա լինելու է վերջին գործընթացը: Այո, Ասոցացման մասին համաձայնագիրը մեզ հնարավորություն էր տալիս ավելի խորը ուղիով առաջ ընթանալ: Առաջիկայում սպասվում է վիլնյուսյան գագաթաժողով, սակայն դրանից հետո եւս կյանքը շարունակվում է: ԵՄ հետ մենք հետեւողական երկխոսություն ունենք, մեր հարաբերությունները չեն խզվել»,-ասել է Մնացականյանը:

Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ հարկավոր է անդրադառնալ երկկողմ հարաբերությունների իրավական հիմքին, քանի որ այսօրվա դրությամբ դրանք զարգանում են Գործընկերության եւ համագործակցության մասին պայմանագրի հիման վրա, որը վերանայման կարիք ունի. «Մենք պայմանագիրը կվերանայենք նախքան Վիլնյուսի գագաթաժողովը, դրանից հետո եւս: Համոզված եմ, որ երկկողմ երկխոսության ընթացքում կկարողանանք ձեւավորել օրակարգը»: Միաժամանակ փոխնախարարը չի ցանկացել մեկնաբանել փաստաթուղթը, որը Հայաստանը կստորագրի Վիլնյուսում: