Երեւան-Սեւան ավտոճանապարին՝ Ավազի հանքի մոտակայքում, օգոստոսի 19-ին վթարի ենթարկված 267 համարի երթուղայինի վարորդին՝ Սարգիս Գրիգորյանին, օրերս ձերբակալել, ապա կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով քննիչ Սարգիս Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշանակված դատավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, իսկ նրա բարձր արագությամբ վարելու կամ ալկոհոլի ազդեցությամբ լինելու մասին որեւէ բան չեն կարող ասել, քանի որ փորձաքննության պատասխանները հայտնի չեն:
Քննիչը հայտնեց, որ դեպքի հետեւանքով տուժած անձանցից ոչ մեկը հիվանդանոցում չէ, նրանք արդեն դուրս են գրվել:
Նշենք, որ վարորդը 45 տարեկան է, Ակունք գյուղից, ամուսնացած է, ունի երկու չափահաս երեխա: Մեքենան Երեւան-Աբովյան-Ակունք երթուղին սպասարկող թիվ 267 երթուղայիններից էր, իսկ այդ երթուղին իրականացնում է «Սմարթ Սոֆթ» ՍՊԸ-ն: Վթարի ենթարկված Ford Transit-ը պատկանում էր Սարգիս Գրիգորյանի ընկերոջը, ով գնացել էր Ռուսաստան եւ մեքենան տվել էր վերջինիս: Իսկ նա որոշել էր այն վարել «գծի մեջ» եւ մի քիչ գումար վաստակել: Մի քանի օր վարելուց հետո, պարզվել էր, որ մեքենան անսարք էր, եւ մոտ երկու ամիս մեքենան կանգնել էր,այնուհետեւ` վերանորոգել էին այն: Վերանորոգումից հետո առաջին անգամ Սարգիս Գրիգորյանը մեքենան վարել է հենց դեպքի օրը, բայց ոչ թե այն վարել է որպես 267 համարի երթուղային, այլ պարզապես իր ընկերոջ կոլեկտիվին տարել էր Սեւան` հանգստանալու: Ընկերոջ կոլեկտիվին Սեւան տանելու հաջորդ օրը վարորդը մտադիր էր «դուրս գալ գիծ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին` երեկոյան, Կոտայքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Ford Transit մարդատար մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի ու կողաշրջվել: Վթարի հետեւանքով մահացել էր 4 հոգի, վիրավորվել 13-ը; Մեքենայում եղել է 5 ընտանիք, այդ թվում` 5 երեխա:: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:





























