Հայաստանի իշխանությունները կորցրել են երկրի սուվերենությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Ի՞նչ է Զորիի նմանների հայտարարությունը՝ նվաստացնող, արժանապատվությունը ոտնահարող, խեղճացնող: Ուրիշին ասում է՝ արի իմ տունը պահի, իմ երեխեքին պահի: Ես արյուն եմ թափել, դու մարդ ես կանչում, որ ինձ տիրություն անի։ Էդպես կարելի է հրավիրել կնոջն ու երեխեքին էլ տիրություն անելու: Եվ սա պետական քաղաքականություն է»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա շեշտեց,  որ 90-ականներին Հայաստանը պահպանում էր իր սուվերենությունը, ուներ շատ բարեկամներ, սակայն ոչ մի երկիր Ղարաբազի հարցում թթու խոսք չէր ասում Հայաստանին: Իսկ այսօր, ըստ նրա, չկա որեւէ կառույց, որը կասի, որ Ղարաբաղը ինքնորոշման հիման վրա պետք է լինի անկախ:

«Այն դեպքում, երբ մտնում ենք որեւէ կառույցի մեջ եւ դրա տեղը տալիս ես, ոչ թե ստանում, սա կոչվում է սուվերենության կորուստ: Գույք պարտքի դիմաց ծրագրից սկսած մենք կորցրեցինք մեր սուվերենությունը: Ուզեցին, տվեցինք»,- ընդգծեց նա: Արամ Մանուկյանի խոսքով՝ այսօր չես գտնի մի միջազգային կառուց, որը կասի, թե Հայաստանն այս կամ այն հարցում ճիշտ է: Նրա խոսքով՝ նախկինում ղարաբաղյան կոնֆլիկտն ունեցել է երեք կողմ, հիմա ունի երկու կողմ, այս կողմը զիջում է, տալիս է ու տալիս:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ արտագաղթին՝ նշելով, որ այս տարվա ինն ամիսներին Վերին Լարսի անցակետով Հայաստանից հեռացել է 160 հազար ՀՀ քաղաքացի: «Դա նշանակում է, որ մի Գյումրի ու Վանաձոր ոչնչացել է: Մեր երկիրը ոչնչանում է, մարդիկ կորցնում են պայքարելու հույսը»,- ասաց նա: