Միլանի տարեց բնակիչը փողոցում դրամապանակ է գտել, որում եղել է 7 հազար եվրո (500-եվրոյանոց 14 թղթադրամ), հաղորդում է ТGCOM-ը:

78-ամյա Լուիջի Մուզացին պատմել է, որ դրամապանակը գտել է զբոսանքի ժամանակ: Դրամապանակում որեւէ անձնական փաստաթուղթ չի եղել, որոնք կօգնեին գտնել դրամապանակի տիրոջը: Թոշակառուն որոշել է գտածն իրեն պահել, սակայն մի քանի օր անց փոխել է որոշումը եւ այն տարել ոստիկանություն, հաղորդում է Lenta.ru-ն:

Իրավապահները սկսել են որոնել դրամապանակի տիրոջը: Պարզվել է, որ նա շվեյցարացի թենիսիստուհի Մարիամ Կազանովան է, ով դրամապանակը կորցրել է Միլանում զբոսանքի ժամանակ: Նա այստեղ էր ժամանել Ռո-Պեռո կենտրոնում ցուցահանդեսին ներկա լինելու նպատակով:

Երբ թենիսիստուհուն վերադարձրել են դրամապանակը, նա որոշել է պարգեւատրել թոշակառուին, նրան փոխանցելով դրամապանակի պարունակության 10 տոկոսը՝ 700 եվրո: