Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիքի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց HSBC Armenia բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը՝ ավելացնելով, որ դրամի հետ կապված վերջին խնդիրներն ու ճգնաժամի երկրորդ ալիքի վերաբերյալ մտահոգությունները պարզապես մարդկանց անհատական վախերն են։

«Մարդիկ ավելի շատ խուճապի մեջ են, բայց դա ուղղակի անհիմն է, քանի որ Հայաստանի ազգային արժույթի անկումից հետո, դրամի արժեքը կրկին բարձրացավ»,- ասաց Քլիֆորդը՝ ավելացնելով, որ խնդիրը շուկայում ներկրման եւ արտահանման հետ կապված չէր։

Ըստ նրա՝ ազգային արժույթի փոխարժեքի վերջին տատանումները շուկայում գործող օրենքների շրջանակում են եղել, եւ դա նույնիսկ «նորմալ եւ առողջ երեւույթ է»։

Նրա խոսքով, արտարժույթի շուկայում էլ բավականին հաճախ փոխարժեքի տատանումներ են նկատվում, սակայն դա չի նշանակում, որ պատճառը ճգնաժամի երկրորդ ալիքն է։ «Պարզապես պետք է այդ ամենը ճիշտ հասկանանք եւ խուճապի չմատնվենք»,- նշեց Քլիֆորդը՝ ավելացնելով, որ մարդիկ դեռ չեն հաղթահարել նախորդ տարվա ճգնաժամի նկատմամբ վախը, եւ դրամի փոխարժեքի տատանումները նրանց մատնում են խուճապի։