ԴՏԷԿ էներգետիկական հոլդինգին պատկանող «ԴՏԷԿ Թրեյդինգ» ընկերությունը, որը գլխավորում է Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ահմեդովը, լեհական PGNiG-ի հետ պայմանավորվել է Ուկրաինա գազ մատակարարելու վերաբերյալ: Ուկրաինական ընկերության մամուլի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ գազի փորձնական մատակարարումները նախատեսված են հոկտեմբերի 28-31-ին:
Լեհաստանից օրական առավելագույն ներկրումը կազմում է 3,5 միլիոն խմ գազ: Դա նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում, եթե փորձնական մատակարարումները հաջող լինեն, «ԴՏԷԿ Թրեյդինգը» կարող է ստանալ շուրջ 100 միլիոն խմ:
ԴՏԷԿ-ը էներգետիկական ընկերությունը վառելիքով է ապահովում նաեւ Ռինատ Ահմեդովի ամբողջ խմբի ձեռնարկություններին: Դրանց գազի տարեկան պահանջարկը կազմում է վեց միլիարդ խմ:
Lenta.ru-ն պարզաբանում է, որ «Գազպրոմ»-ում Կիեւի պայմանավորվածությունները եվրոպական երկրների հետ առնվազն «գորշ» են համարում, քանի որ խոսքը կարող է գնալ միայն «Գազպրոմի» գազի վերաարտահանման մասին, որը հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ բազմաթիվ եվրոպական երկրներ վառելիքը Ռուսաստանից ստանում են ավելի ցածր գներով, քան Ուկրաինան:




























