«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի մասնաճյուղը սկսել է միջոցներ հավաքել առաջիկա միջազգային հեռուստամարաթոնի համար Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ ավտոմայրուղու կառուցման համար:

Ինչպես գրում է «Asbarez»-ը, ուղիղ եթերում  12 ժամ տեւողությամբ հեռարձակումը տեղի կունենա Երախտագիտության օրը՝ 2013թ.-ի նոյեմբերի 28-ին: Հեռուստամարաթոնի ընթացքում ստացված գումարները կուղղվեն ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը մոտ 115 կմ երկարությամբ, որն անմիջական օգուտ կբերի 30 գյուղի: Սպասվում է, որ նախագիծը կարժենա 30 մլն դոլար ու ավարտից հետո կկապի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան շրջանները:

Նշենք, որ մայրուղին ուղիղ կապ է հաստատում ու կենսական նշանակություն ունի, որն էապես կրճատում է ուղեւորությունների տեւողությունը, նպաստում է Ղարաբաղի շատ համայնքների տնտեսությանը: Այս պահին Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ հաստատվում է Բերձոր համայնքի միջով՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղիով: