Մինչեւ 2013-ի վերջը «Ամերիաբանկը» ՓՄՁ վարկային պորտֆելը կհասցնի 80 մլն դոլարի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել կոռպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Նրա խոսքով՝ 2013-ի ընթացքում բանկը գրեթե երկու անգամ ավելացրել է պորտֆելն այս ոլորտում: Եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջին այն կազմում էր 37,5 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ՝ 73,3 մլն: «Մինչեւ տարեվերջ այն կհասցնենք 80 մլն-ի»,-ասել է Սահակյանը:

Այս տարվա ընթացքում փոքր եւ միջին բիզնեսին հատկացվել է 237 վարկ, իսկ հաշվի առնելով օվերդրաֆթը՝ մոտ 260: «Վարկեր է տրամադրում նաեւ Ստեփանակերտի մեր մասնաճյուղը, ուստի առանձին երախտագիտություն եմ ցանկանում հայտնել մեր ղարաբաղյան գործընկերներին»,-հավելել է նա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն բանկերից է: Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքում իր ակտիվներով բանկն առաջին հորիզոնականում է, իսկ ընդհանուր կապիտալով եւ վարկային պորտֆելով՝ խոշորագույնների ցանկում: