Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների անդամները:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը եւ ընդգծել է, որ վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնք չեն կարող մտահոգության առիթ չհանդիսանալ: Այդպիսիք են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ ռազմականացումը, հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը, հարեւան երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը եւ այլն:
Նշվեց, որ այս առումով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները լուրջ անելիքներ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխան քայլեր իրականացնելու եւ առկա վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:






























