Կնեսետում այլեւս չեն ցանկանում տեսնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը: Բացի այդ, Իսրայելում Ֆրանսիայի դեսպան Պատրիկ Մեզոնավը, ինչպես եւ Իսրայել ժամանող բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախարարները այժմ չեն կարող հրավիրվել պաշտոնական միջոցառումների իսրայելական խորհրդարանում:

Նման որոշում է կայացվել ի պատասխան Օլանդի կողմից՝ Իսրայելի խորհրդարանում նախանշված ելույթը չեղյալ հայտարարելուն: Դրա փոխարեն Ֆրանսիայի նախագահը որոշել է հանդիպում անցկացնել համալսարանի ուսանողների հետ: Այցը նախատեսված էր նոյեմբերի 18-ին, հաղորդում է Israland-ը:

«Յուրաքանչյուրը, ով անհարգալից է վերաբերվել Կնեսետի նկատմամբ, արժանի չէ Կնեսետի հարգանքին: Ես թույլ չեմ տա, որ իսրայելական ժողովրդավարությունը նվաստացնեն եւ ոտքերը մաքրեն նրա վրա»,- գրում է Յուլի Էդելշտեյնը Facebook-ի իր էջում:

Նշենք, որ Բարաք Օբամայի այցի ժամանակ էլ նույն դեպքն էր կատարվել, եւ լրագրողի հարցին, թե ինչու Օբամայի նման քայլը «ոտքերը մաքրել» չի գնահատվել, Էդելշտեյնը միայն պատասխանել է, թե այն անգամ էլ հիասթափված էր: