Հայաստանի ԱԻ նախարարության փրկարարական ջոկատը` Արագածոտնի մարզի Ավան համայնքի ղեկավար Գ. Գալստյանի ուղեկցությամբ, այսօր, ժամը 16.00-ին Պաշտպանության նախարարության ուղղաթիռով ԱԻ նախարարության վարչական շենքի հրապարակից մեկնել է Արագածոտնի մարզ` վերսկսելու Յուրա Մարտիրոսյանի որոնողափրկարարական աշխատանքները:
ԱԻ նախարարության որոնողափրկարարական թիմում ընգրկված էին ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Շ. Շամիրյանը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարար: Ուղղաթիռը բեռնված էր հատուկ որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքերով ու պարագաներով` հեռադիտակներ, պարաններ, պատգարակներ եւ այլն:
Ուղղաթիռով զննվել են անհայտ կորածի գտնվելու հավանական բոլոր վայրերը` գյուղի տարածքը, շրջակա արոտավայրերն ու սարերը։ Սակայն որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Յուրա Մարտիրոսյանը գնացել է գյուղի հարակից արոտավայր եւ չի վերադարձել:
Մի քանի օր շարունակ իրականացվել են որոնողական աշխատանքներ:





























