Հայաստանի ոստիկանության «Կոնտինենտեքս» ՊՓԲԸ-ն կփակվի վնասով աշխատելու համար: Հայաստանի կառավարությունը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 31-ի նիստում: Որոշման նախագիծը ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն էր ներկայացրել:

Որոշման մեջ նշված է, որ ձեռնարկության հետագա շահագործումն անհնար է արտադրանքի գնային անմրցունակության պատճառով:  Պատճառը աշխատավարձային ծախսերն են. ի տարբերություն մասնավոր ձեռնարկությունների, որոնք ըստ պատվերի են անձնակազմ վարձում, ձեռնարկությունն ուներ մշտական աշխատակիցներ, թեեւ հաստիքային մեկ միավորում միանգամից մի քանի մարդու էին ձեւակերպում:

Ձեռնարկության մասնավորեցումը նույնպես հնարավոր չէ՝ հին սարքավորումների եւ ակտիվների ու պարտավորությունների անբավարար հարաբերակցության պատճառով:

Արտադրամասում աշխատող մի քանի տասնյակ դերձակուհիներին  ձեռնարկությունը պարտք է 14,5 միլիոն դրամ: Ընկերության ընդհանուր պարտքն է 63,3 միլիոն դրամ, որը, ըստ կառավարության, կարելի է մարել ակտիվները վաճառելով (շահույթը՝ նվազագույնը 105-106 միլիոն դրամ) եւ ձեռնարկությունը փակելով:

Հիշեցնենք, որ ապրիլին արտադրամասի աշխատակցուհիները բողոքի ցույց էին անցկացրել այդ նույն շենքի առաջ: Ֆինանսական դժվարությունների պատճառով նրանց առանց այդ էլ ցածր աշխատավարձը ամիսներով չէին վճարել: