Սիրիահայերին թույլ են տվել մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը չմաքսազերծել իրենց ավտոմեքենաները: Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Որոշումը տարածվում է այն ավտոմեքենաների վրա, որոնք Հայաստան են բերվել 2012թ հուլիսի 1-ից հետո:
Ինչպես ընդգծել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սիրիահայ փախստականների մեծ մասն իրենց ավտոմեքենաները ներմուծել են ժամանակավոր ներմուծման ռեժիմով՝ 11 ամսով, սակայն դրանցից շատերի համար նախանշված ժամկետը վաղուց ավարտվել է, մյուսներինը՝ կավարտվի մոտակա ամիսներին:
Միեւնույնժամանակ, առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակով Հայաստանում կմնան սիրիահայերը, իսկ մաքսազերծված ավտոմեքենաները լրացուցիչ ծախսեր կստեղծեն նրանց համար: «Մենք ցանկանում ենք ազատել նրանց այդ ծախսերից»,-ընդգծել է Հակոբյանը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա մոտ տաս հազար սիրիահայ: Նրանց մեծ մասը խնդիրներ ունեն բնակարանների եւ աշխատանքի տեղավորվելու հետ: Նրանց մեծ մասը հուսով է Սիրիա վերադառնալ՝ այդ երկրում ռազմական գործողությունների ավարտից հետո:





























