Երեւանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է տվել քաղաքական, հասարակական գործիչ Ֆրունզե Խառատյանի, արձակագիր Զորայր Խալափյանի եւ Հայաստանի առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին:
Ավագանին հավանություն է տվել նաեւ Երեւան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հ. Թոքմաջյանի ` Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի եւ Ջրաշխարհի հարեւանությամբ տեղակայված զբոսայգու 5.637 հա մակերեսով մասը բարեկարգելու, կանաչապատելու եւ հանգստի գոտու վերածելու վերաբերյալ առաջարկությանը։ Հ. Թոքմաջյանի առաջարկության համաձայն՝ մշակվող բարեկարգման եւ կանաչապատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավագանու որոշմամբ ընդունվել է որպես նվեր:
Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաեւ Երեւան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, ինչպես նաեւ «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին որոշումների նախագծերը:
Ավագանու որոշմամբ՝ Երեւանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 25-ին:





























