Հայաստանի կառավարությունը սահմանել է հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Մասնավորապես, կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից:

Դրանց ներդրումը եւ դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքով՝ մի շարք փոփոխություններ են կատարվել նաեւ այլ հյուրանոցների «աստղերի» առումով:

5-աստղանի «Դելյուքս» հյուրանոցների հարմարավետության պահանջները քիչ են տարբերվում սովորական 5-աստղանի հյուրանոցների պահանջներից: Տարբերությունների մեծ մասը լրացուցիչ շտրիխների մեջ է: Մասնավորապես, այդտեղ ներառված է հյուրասիրությունը համարներում (մրգեր՝ հունիս-նոյեմբերին եւ չրեր եւ հայկական գինի՝ ողջ տարվա ընթացքում):
«Դելյուքսի» ծառայությունների մեջ մտնում է նաեւ գեղեցկության սրահը, երեխաներին հետեւելու սենյակը, թատրոնի եւ օպերայի տոմսերի վաճառքը: