ԱԱԳ-ի եւ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որը թաքնվում է Ռուսաստանում, պատրաստ է հանդիպել Գերմանիայի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ եւ ցուցմունք տալ Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման գործի վերաբերյալ: Այս մասին գերմանական ARD հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է Բունդեսթագի պատգամավոր, հատուկ ծառայությունների գործունեությունը վերահսկող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հանս Քրիստիան Շտրյոբելեն, որը հոկտեմբերի 31-ին Մոսկվայում հանդիպել էր Սնոուդենիհետ: Ըստ նրա` Սնոուդենը զրույցի ընթացքում «ակնարկել է, որ ինքը շատ բան գիտի»:
Սնոուդենի հետ հանդիպմանը քննարկվել են այն պայմանները, որոնց դեպքում նա կարող է ցուցմունք տալ: Շտրյոբելեն Սոուդենին ներկայացրել է առանց ԱՄՆ-ին հանձնվելու վտանգի ենթարկվելու Գերմանիա մեկնելու հնարավորությունը: Նա նաեւ Սնոուդենին առաջարկել է քննության մասնակիցներին Մոսկվայում հանդիպելու տարբերակը:
Հոկտեմբերի 31-ի երեկոյան գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սնոուդենը Շտրյոբելեի միջոցով նամակ է փոխանցել գերմանական կառավարությանը, խորհրդարանին եւ գլխավոր դատախազությանը: Այդ նամակի բովանդակությունը կհրապարակվի նոյեմբերի 1-ին:
ARD-ն հայտնում է, որ պատգամավորի հանդիպումը Սնոոդենի հետ տեւել է երեք ժամ եւ ընթացել է խիստ գաղտնի: Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները լրատվամիջոցների աշխատողներին հյուրանոցից մգեցված ապակիներով միկրոավտոբուսներով հասցրել են անծանոթ վայր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Մերկելի հեռախոսը գաղտնալսելու մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ: Բունդեսթագի նոյեմբերի 18-ի նիստում կարող է խորհրդարանական հանձնաժողով ստեղծվել` այդ գործը քննելու համար:
Սնոուդենը համաձայնել է ցուցմունք տալ Մերկելի հեռախոսի գաղտնալսման գործով

Հասանելի է
русский


























