Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի փաստաբանը Վահան Հայրապետյանն է: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաեւ փաստաբանը:
Նա նշեց, որ արդեն տեսել է Դավիթ Վարդանյանին, զրուցել է իր հետ, եւ արդեն գործում ներգրավված է որպես փաստաբան: Գործի քննության ընթացքի վերաբերյալ Վահան Հայրապետյանը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դրա ավարտից հետո դատարանում բոլորդ կծանոթանաք գործին:
Իսկ թե ինչու է հենց իր վրա ընտրությունը կանգ առել, նա նշեց, որ այստեղ որոշում են նրա բարեկամները կամ ծնողները: Վահան Հայրապետյանը »չգաղտնազերծեց», թե արդյոք խոսել է Յուրի Վարդանյանի հետ, եւ վերջինս է դիմել նրան՝ պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով: «Բարեկամները, ծնողները իրավունք ունեն փաստաբան կամ պաշտպան ընտրելու, այլ բան չեմ կարող ասել»,-ասաց փաստաբանը:
Վահան Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալը տիրապետում է հայերենին, նա կարող է չհասկանալ իրավաբանական նեղ մասնագիտական տերմիններ, որը նույնիսկ մեր քաղաքացիները չեն հասկանում, դա վատ բան չէ: Իսկ թե ինչու էր նախկին պաշտպանը՝ հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը ասել, թե նա հայերեն չգիտի, այժմյան փաստաբանն ասաց, որ Դավիթ Վարդանյանի հայրը ճիշտ բան է ասել, «գլուխը քարին է տվել նման բան ասողը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով:) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է: Դավիթ Վարդանյանը հոկտեմբերի 29-ին դիմում է գրել եւ հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից:





























