Ներկայումս Հայաստանի տնտեսության մեջ առկա խնդիրների 90 տոկոսն առաջ են եկել հենց այն ժամանակահատվածում, երբ իշխանության ղեկին Ռոբերտ Քոչարյանն էր: Այսօր` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ 2009-ին Հայաստանում գրանցված 15 տոկոսի հասնող տնտեսական անկման հիմնական պատճառը երկրի ներսում է, եւ քիչ է պայմանավորված միջազգային ճգնաժամով:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկա կառավարության տնտեսական քաղաքականությունը քննադատելուն, Բ. Ասատրյանը նշեց, որ դրա տակ բոլորովին այլ բան է թաքնված. «Քոչարյանն ուզում է ռեաբիլիտացվել, քանի որ նրա անունը հասարակության շրջանում կապվում է մարտի 1-ի սպանդի հետ»: Նրա խոսքով, մոտ ժամանակներս էլի նման փորձեր կլինեն:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված «100 քայլ» տնտեսական բարեփոխումների ծրագրին, ԿԲ նախկին ղեկավարն ասաց. «Ես դեռ այդ ծրագրի վերաբերյալ լուրջ քննադատություն չեմ տեսել: Սա այլընտրանքային ծրագիր է, որն իրականացման տեսանկյունից իրատեսական է»: Նրա ներկայացմամբ, օրինակ՝ այդ ծրագիրը հարկային ոլորոտում առաջարկում է այնպիսի փոփոխություններ, որպեսզի հարկման հիմնական առարկան լինի մարդու ստացած եկամուտները, ոչ թե ընդհանրապես տնտեսական գործունեությունը:



























