ԱՄՆ-ում որոշ հայեր այդքան էլ չեն սիրում դիմել հոգեբանի, այդ պատճառով Գլենդելում միջոցառում կկազմակերպեն փորձագետների ու բժիշկների մասնակցությամբ, ովքեր կփորձեն վերջ դնել առասպելներին ու նախապաշարմունքներին: Այդ մասին է գրում «Glendale News-Press»-ը:

Միջոցառման գլխավոր կազմակերպիչները«Խաղաղօվկիանոսյան հիվանդանոցների» համար Հայկական խորհրդատվական խորհրդի անդամներն են. հաստատությունը ծառայություններ է մատուցում թմրամոլությամբ ու հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց: Կազմակերպիչները, այդ թվում նաեւ Հայկական խորհրդատվական խորհրդի նախագահ Սյուզաննա Դուզմանյանը, հույս ունեն, որ միջոցառումը հնարավորություն կտա խոսել այնպիսի թեմաների շուրջ, ինչպես Ամերիկայի հայ համայնքում հոգեկան հիվանդություններին, ընտանեկան հարաբերություններին, ընտանիքում բռնության դեպքերին առնչվող հարցերը:

Լա-Վերն համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Հակոբ Տեր-Կարապետյանը հանդես կգա զեկույցով: Նրա խոսքով՝ Ամերիկայի հայ համայնքի որոշ անդամներ չեն սիրում հոգեբանական խնդիրների դեպքում դիմել մասնագետների, այդ պատճառով ինքը երախտապարտ է միջոցառման կազմակերպիչներին համայնքի հետ հարցերի քննարկման հնարավորության համար: